Հոգեկան առողջության համաշխարհային օր. ՆԳՆ հոգեբանների այցը «Այբ» դպրոց

Այս շաբաթ՝ հոկտեմբերի 10-ին՝ Հոգեկան առողջության համաշխարհային օրը, «Այբ» միջին դպրոցի աշակերտների համար կազմակերպվեց գործնական ուսուցողական հանդիպում ՆԳՆ հոգեբանական աջակցության բաժնի ներկայացուցիչների հետ: 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները հնարավորություն ունեցան մասնագետների օգնությամբ ուսումնասիրելու հոգեբանական առաջին օգնության անհրաժեշտ քայլերը:

Հանդիպման ընթացքում մասնագետներն այս տարիքային խմբին համապատասխան մոտեցմամբ ներկայացրին ճգնաժամային իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքները: Աշակերտները ծանոթացան ինչպես սեփական հուզական վիճակը կառավարելու, այնպես էլ մյուսներին աջակցելու գործնական հմտություններին:

Հատկապես տպավորիչ էր ծանոթությունը հոգեբանական աջակցության շարժական կայանին, որ տեղակայված է դպրոցի տարածքում: Աշակերտները հնարավորություն ունեցան ներս մտնելու հատուկ կահավորված այն մեքենան, որը հագեցած է ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական առաջին օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ պարագաներով: Երեխաները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին մեքենան և իմացան, թե ինչպես է այն ծառայում արտակարգ իրավիճակներում:

Աշակերտներն ակտիվ ներգրավված էին քննարկումներում և տարբեր հարցեր ուղղեցին մասնագետներին: Հանդիպումն ավարտվեց գործնական խորհուրդներով, որոնք կօգնեն երեխաներին ավելի վստահ զգալու տարբեր իրավիճակներում:

Tweets by AybSchool
>