Ինժեներական ակումբը ներկայացրեց «Սարտար» սարքը

Լեռնագնացների ու արշավականների անվտանգությունը երաշխավորել խոստացող «Սարտար» սարքն արդեն անհամբեր սպասում է իր առաջին արշավին։

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբը ամփոփեց նախագիծն ու ներկայացրեց «Սարտար» սաքավորումը։

Անհատների ու արշավախմբերի հայտնաբերման և տեղորոշման, GPS արբանյակներով վերջիններիս կոորդինատների ստացման և ռադիոալիքների միջոցով դրանք փրկարար ծառայություններին փոխանցելու խրթին գործընթացը «Սարտարի» առաքելությունն է։

Նախագծի իրականացման ընթացքում ինժեներական ակումբի անդամները ձեռք բերեցին մի շարք գիտելիքներ և հմտություններ 3D մոդելավորման, ծրագրավորման, էլեկտրական ինժեներիայի և այլ ոլորտներում։ Պարբերաբար ի հայտ եկող բազմաթիվ գործնական խնդիրներ ակումբի անդամներից սպառիչ լուծումներ էին պահանջում, որոնց հնարավոր եղավ հասնել երկարատև ու քրտնաջան աշխատանքի, համառության, նվիրումի և երբեմն անգամ մինչև ուշ գիշեր «Ֆաբլաբ»-ում մնալու և լուծումներ փնտրելու շնորհիվ։

«ՍարՏտրի» կիրառությունը միանգամայն պարզ է և դյուրին։ Անելանելի իրավիճակում հայտնված արշավականին փրկվելու համար անհրաժեշտ է՝

ա) գտնել տեղանքում հնարավորինս բարձր կետ, որտեղից ռադիոալիքները առավել հեշտ կփոխանցվեն,

բ) «Սարտարը» ամրացնել նախատեսված եռոտանու վրա՝ սարքն էլ ավելի բարձր լինելու համար, գ) «Սարտարին» ամրացնել ալեհավաքները /անտեննաներ/ և ուղարկել ազդանշանը,

դ) համապատասխան ԼԵԴ-երի վառման դեպքում համոզվել, որ ազդանշանը տեղ է հասել և օգնությունը ճանապարհին է,

ե) վստահել «Սարտարի» պրոֆեսիոնալությանն ու առանց խուճապի սպասել օգնության։

Ինժեներական ակումբի անդամները ներկայացրին նախագծի վերջնարդյունքը՝ ՍարՏար սարքը, մանրամասն մեկնաբանեցին սարքի աշխատանքի սկզբունքը, նշանակությունը շուկայում։ Ներկայացումն էլ ավելի դիտարժան դարձավ, երբ բոլորի ներկայությամբ ինժեներական ակումբի անդամները փորձարկեցին սարքի՝ ազդանշաններ փոխանցելու և ընդունելու կարողությունը։ Այդ նպատակով ակումբի անդամները դպրոցի տարածքով տեղաշարժեցին սարքը, որի արդյուքնում դահլիճում, ազդանշանները գրանցող համակարգչի օգնությամբ ներկաները ականատես եղան այդ տեղաշարժին։

Տաթեւ Մարգարյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>