«Ամեն ինչ սկսվեց հավատքից». Տ. Մեսրոպ քհն. Արամյան

Հոկտեմբերի 3-ին «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում 21 մասնակիցները որոշում էին՝ արդյո՞ք Տեր Մեսրոպ քահանա Արամյանն անկեղծ էր։ 14-7 հաշվարկով տեր Մեսրոպը համարվեց անկեղծ։

Այո՛, «Այբ»-ի «Անկեղծության պահեր» նախագիծն այս տարի մեկնարկեց տեր Մեսրոպի հետ զրույցով։ Ինչպես և հուշում է նախագծի անվանումը, հյուրից ակնկալվում էր առավելագույնս անկեղծ պատասխանել այն հարցերին, որոնք տալիս են հանդիպման մասնակիցները։ Դահլիճում տիրում էր հավատով, սիրով և համերաշխությամբ լի մթնոլորտ, քանի որ հանդիպումը ողողված էր ջերմությամբ և ներկաների մեծ ոգևորվածությամբ՝ շնորհիվ տեր Մեսրոպի՝ հանդիսատեսին փոխանցած դրական լիցքերի և անկեղծության։

Այս հանդիպման մասնակիցների քանակը սովորականից ավելի էր, քանի որ շատերն էին ցանկություն հայտնել հարցեր հղելու տեր Մեսրոպին, որը համբերությամբ և մեծ սիրով պատասխանում էր։

Իսկ հարցերն ամենատարբեր ոլորտներից էին՝ սկսած անձնական կյանքից մինչև քաղաքականություն։ Օրինակ՝ ինչու նրա անունը դարձավ քննարկման առարկա հեղափոխության ժամանակ, ինչին տեր Մեսրոպը պատասխանեց․ «Սկզբում նրանք ինձ համարեցին կրթությանն ամենաշատ վնաս հասցրած մարդը, ապա՝ ամենաշատ օգնած։ Հստակ պատասխան այդ հարցին չունեմ»։

Իսկ ուսանողական տարիների ամենահիշարժան դեպքը տեր Մեսրոպը համարեց իր կնոջը հանդիպելը։

Վերջում հյուրն ընտրեց լավագույն հարցը, որը Վահե Դաբաղյանինն էր և վերաբերում էր տեր հոր բնավորության այն գծին, որը նա կցանկանար փոխել։

- Կարծում եմ՝ պերֆեկցիոնիզմը, քանի որ այդ գիծն ինձ իսկապես խանգարում է ապրել,- պատասխանել էր տեր Մեսրոպը։

Հանդիպումը ներկաների համար բովանդակալից էր և շատ հետաքրքիր։ Դահլիճից բոլորը հեռացան՝ իրենց սրտերում տանելով սիրո և հավատքի մի փոքր նշխար։

Tweets by AybSchool
>