Սնոուբորդի առաջին մանկապատանեկան մրցաշարը Հայաստանում

Մարտի 15-ին տեղի ունեցավ Հայաստանում սնոուբորդի առաջին մանկապատանեկան մրցաշարը, որի միակ մասնակիցներն այս անգամ «Այբ» դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներն էին։

Նրանք մրցաշարին նախապատրաստվել էին երկու տարի՝ «Սնոուբորդը դպրոցում» ծրագրի ընթացքում ստանալով ձմեռային մարզաձևերի լիարժեք կրթություն: Մասնակցելով տարբեր սպորտային միջոցառումների՝ երեխաները ոչ միայն ձեռք են բերել տեխնիկական հմտություններ, այլև զարգացրել թիմային աշխատանքն ու հաղթահարել վախերը՝ վստահորեն սահելով ձյան վրա։

Երկու տարվա հագեցած պարապմունքներից հետո աշակերտների առաջընթացը գնահատելու և կատարված աշխատանքն ամփոփելու համար Ծաղկաձորում տեղի ունեցավ սնոուբորդի մրցաշար, որի ընթացքում մասնակիցները հաղթահարեցին առաջադրված մարզական փորձությունները։

Արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Աշոտ Օհանյանը, երկրորդ տեղը՝ Վանինե Ավետիսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Մանվել Հովագիմյանը։ Սա հիանալի փորձառություն էր «Այբ»-ի աշակերտների համար՝ ներկայացնելու իրենց սովորածն ու ամրապնդած կամային հատկանիշները։

Մրցաշարի հաջողությունը միայն սկիզբն է։ «Այբ» դպրոցի սպորտի և մարմնակրթության առարկայախմբի նպատակն այս ծրագրի ընդլայնումն է՝ ներառելով նոր ձևաչափեր և հնարավորություններ։ Արդեն այս ամառ Հայաստանի դահուկասպորտի ու սնոուբորդի ֆեդերացիայի հետ միասին նախատեսում ենք դպրոցում նորարարական սարքավորումների միջոցով ստեղծել հատուկ պայմաններ, որոնք հնարավորություն կտան նույնիսկ առանց ձյան կազմակերպել սնոուբորդի և դահուկային դասընթացներ։

Սա մեծ քայլ է ձմեռային մարզաձևերի տարածման և հանրահռչակման, ինչպես նաև մարզական հերթափոխի ապահովման ուղղությամբ, և մենք վստահ ենք, որ այն կոգեշնչի շատ երեխաների ու երիտասարդների՝ փորձելու իրենց ուժերը սպորտում և հաղթահարելու նոր մարտահրավերներ։ Հույս ունենք, որ հաջորդ մրցաշարերին մեր սաներին կմիանան նաև հայաստանյան այլ դպրոցների՝ ձմեռային մարզաձևերի սիրահար աշակերտներ։

2024 թվականին «Այբ» դպրոցը և Հայաստանի դահուկասպորտի ու սնոուբորդի ֆեդերացիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Համագործակցության նպատակը սնոուբորդի և դահուկասպորտի ուսուցման գործընթաց կազմակերպելն ու զարգացնելն է՝ նպաստելով երիտասարդների ակտիվ ապրելակերպին:

Tweets by AybSchool
>