Ամփոփվեցին «Այբ» դպրոցի աշակերտների սոցիալական նախագծերը

«Այբ» դպրոցի աշակերտները 2019-2020 ուսումնական տարում հանդես եկան մի շարք սոցիալական նախագծերով։ Փոխադարձ արդյունավետ գործակցություն ունեցանք ինչպես մարզային դպրոցների, այնպես էլ հատուկ նշանականության հաստատությունների և կազմակերպությունների հետ։

Այսպես՝ Զառիթափ համայնքի դպրոցի հետ նախագծի շրջանակում տեղի ունեցան աշակերտական առցանց հանդիպում-քննարկումներ։ Մասնավորապես` «Այբ»-ի աշակերտները Զառիթափի դպրոցի սաներին ներկայացրին Zoom հարթակի հնարավորությունները, ցույց տվեցին հարցաթերթիկի ճիշտ լրացման ձևը, պատմեցին լուսանկարչության հիմունքների և հայտնի լուսանկարիչների մասին, ներկայացրին հետաքրքիր փաստեր բնության մասին, տրամաբանական խնդիրներ լուծեցին, զրուցեցին աստղագիտության, երկրագնդի էվոլուցիայի, խավարումների, գալակտիկաների և տեխնոլոգիաների մասին։ Զառիթափի դպրոցի աշակերտներն էլ պատմեցին իրենց համայնքի ծագումնաբանության և յուրահատկությունների մասին։

Երկրորդ կարևոր նախագիծը կայացավ Երևանի՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրի հետ։ Նախագիծն ի սկզբանե բաղկացած էր երեք մասից՝

- դասընթացներ կենտրոնի սաների համար, ընթացքի մեջ էր պարի դասընթացը,

- կրթահամալիրի սաների այց «Այբ» դպրոց, մասնակցություն պարի դասին և շրջայց դպրոցում,

- կրթահամալիրի սենյակներից մեկի գույքի վերանորոգում, որի համար անհրաժեշտ էր ձեռք բերել համապատասխան շինանյութ և գործիքներ։

Մինչև մարտի 13-ը աշակերտները հասցրել են իրականացնել 1-ին կետը մասամբ և 2-րդ կետը։

Արտակարգ դրության պայմաններում կրթահամալիրից ստացանք առաջարկ կենտրոնի սաների համար որոշ մուլտֆիլմեր և հոլովակներ մոնտաժելու․ անհրաժեշտ էր պատկերին ու խոսակցությանը համապատասխան ենթագրեր կցել։ Պատրաստվել են այդպիսի հինգ մուլտֆիլմ և երկու հոլովակ, որոնցից մեկը՝ կապված կորոնավիրուսի հետ, հաղթել է ԿԳՄՍ նախարարության կազմակերպած մրցույթում։

Երրորդ նախագծի շրջանակում իրականացվեց գրքահավաք «Բումերանգ» կրեատիվ կենտրոնի հետ։ Դպրաբակ գյուղում բացվող ընթերցասրահի համար հավաքվեց շուրջ 70 գիրք ըստ պահանջարկի, այդ թվում՝ հայ և համաշխարհային գրականություն, ժամանակակից հայ գրականություն, հեքիաթի գրքեր, հայերեն-ֆրանսերեն դպրոցական բառարաններ:

Արտակարգ դրության պայմաններում՝ գրքահավաքի 2-րդ փուլում, Zoom հարթակում կազմակերպվեց հանդիպում բանաստեղծ, արձակագիր, գրաքննադատ, թարգմանիչ, պատմաբան, Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին «Բումերանգ» կրեատիվ կենտրոնի նախագահը և անդամները, կազմակերպիչ աշակերտները և «Այբ» ավագ դպրոցի աշակերտական համայնքի պատասխանատու Տիգրան Հարությունյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հյուրի ստեղծագործությունները, գրական և փիլիսոփայական հայացքները, «հայրենիք», «հայրենասիրություն», «երջանկություն» գաղափարները, որսորդությունը՝ որպես բնության հանդեպ սեր, և մայիսյան հերոսամարտերի դերն ու նշանակությունը Հայաստանի երեք հանրապետությունների համար։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>