Արիս Բերբերյան․ «Կրթության ջահը մենք փոխանցում ենք մեզնից հետո եկող սերունդներին»

Արիս Բերբերյանը «Այբ» դպրոցի 2014 թվականի շրջանավարտ է։ 2019 թվականի դեկտեմբերից «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Արիսի ակտիվ գործունեությամբ սկսվել է «Այբ» դպրոցի շրջանավարտների ակումբի ձևավորման գործընթացը։ Նա «Դարգեթ» գարեջրատուն-գործարանի ռազմավարական զարգացման ղեկավարն է։ Ավարտել է բիզնեսի կառավարման բաժինը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Այժմ ուսումը շարունակում է ԱՄՆ-ում՝ ուսումնասիրելով գարեջրագործության ոլորտը։

«Այբ»-ն ընտրելը

Ընդունվել եմ 2011 թվականին։ Մենք, այսպես կոչված, առաջին սերունդն էինք։ Իհարկե մեզանից առաջ «Այբ»-ում եղել է երկամյա փորձնական սերունդ, բայց մենք առաջինն էինք հենց ավագ դպրոցի երեք տարվա կրթությամբ։

«Այբ» ընտրելու որոշիչ գործոնը Դավիթ Սահակյանի՝ հավատով լեցուն խոսքն էր բաց դռների օրը, երբ ներկայացնում էր ապագայի ծրագրերը, թե դպրոցը ինչ խնդիրներ ունի իր առջև դրված, ինչպես է տեսնում դրանց լուծումները։ Շատ տպավորիչ էր, բայց միևնույն ժամանակ շատ իրատեսական, այսինքն՝ այնպես չէր, որ մենք մտածում էինք՝ գեղեցիկ հայեցակարգ է, որը թղթի վրա է մնալու։ Կասկած չունեինք, որ այս մարդկանց մոտ որևէ բան կարող է չստացվել։

Այբեցի դառնալը

Առհասարակ յուրաքանչյուր մարդու կյանքում ավագ դպրոցը հասունացման գլխավոր փուլն է, որտեղից սկսվում է կյանքի հետագա ընթացքը։ Շատերի մոտ գուցե այդ փուլը սկսվում է համալսարանից կամ ավելի ուշ։ Բայց իմ և դասարանցիներիս համար որպես մարդ ձևավորման փուլը հենց «Այբ»-ի տարիներն էին։ Զգում էի, որ մենք հենց այդ ժամանակ դարձանք այն մարդիկ, որոնք կյանքում պետք է առաջ գնային և հաջողությունների հասնեին։ Դա շատ լավ երևում էր հատկապես համալսարանում ուսանելու ընթացքում։ «Այբ»-ից հետո համալսարանական կյանքին հարմարվելը սահուն անցավ․ մենք շատ բաներ, որոնց միջով ուսանողական տարիներին են անցնում, արդեն հաղթահարել էինք «Այբ»-ում։ Այդ առումով դասախոսների համար բավականին հեշտ էր աշխատել մեզ հետ։

Աշխատանք և ուսում

Հիմա սովորում եմ և աշխատում կառավարչական ու մարկետինգային ոլորտներում։ Այստեղ համալսարանն ավարտելուցս հետո գարեջրի գործարանը կառուցելը նախագծում էր, որն էլ առաջին աշխատավայրս դարձավ ։ Սկսեցի այստեղից, կես տարի հետո զգացի, որ հասկանում եմ բիզնեսի մոդելն ամբողջությամբ, բայց գարեջրի պատրաստման տեխնոլոգիայի մասին առավել խորքային գիտելիքների կարիք ունեմ։ Դիմեցի Զիբելի (Siebel) տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ) հենց գարեջրագործության մասնագիտացման համար։

Մենք առաջիններից ենք, որ սկսեցինք հանրայնացնել քրաֆտ գարեջրի մշակույթը Հայաստանում։ Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը չեն զուգորդում գարեջրի հետ, ինչպես կոնյակի և գինու։ Բայց մենք ունենք գարեջրագործության հսկայական ավանդույթներ, հնագույն պատմություն։ Հիմա արտահանում ենք եվրոպական երկրներ և հուսով ենք՝ շուտով հայկական գարեջուրը դուրս կբերենք նաև ամերիկյան շուկա։

Իմ բիզնես հմտությունների ու գիտելիքների հիմքը դրվել է դպրոցում։ «Այբ»-ում անցնում էինք ձեռներեցություն առարկան։ Այն ժամանակ մտածում էինք՝ ինչու ենք այդքան խորացված անցնում նմանատիպ առարկաներ կամ խորացված մաթեմատիկա։ Հիմա հասկանում եմ, թե ինչ օգտակար էր։ Մեր գիտելիքները շատ լավ ուղեբեռ էին մեզ համար համալսարանական տարիներին և նաև հետո կիրառելի՝ մեր հետագա գործունեության մեջ։

ՀԽ անդամ և շրջանավարտների ակումբ

2019 թվականին որոշում կայացվեց դպրոցի հոգաբարձուների խորհրդում ունենալ նաև շրջանավարտների համայնքից ներկայացուցիչ։ Դառնալով ՀԽ անդամ՝ նախաձեռնեցինք շրջանավարտների ակումբի ձևավորման գործընթացը։ Գլխավոր նպատակն է՝ նպաստել շրջանավարտ-դպրոց կապի ամրապնդմանը։ Արդեն մշակվել է ակումբի կանոնադրությունը, շուտով ակումբը կստանա նաև իրավաբանական կարգավիճակ։ Ծրագրում ենք իրականացնել բազմապիսի միջոցառումներ, հավաքներ, որոնք միտված կլինեն շրջանավարտների համայնքը համախմբելուն, կապերն ամրապնդելուն։

Լինել այբեցի

Այբեցի ասելով՝ ես նախ պատկերացնում եմ կրթությունը առաջնային՝ կյանքի հաջողության բանալի հռչակած մարդկանց, ապա՝ «Այբ»-ի 8 սկզբունքների շուրջ ստեղծված արժեքները կրողներին։ Հաճախ է եղել, որ անծանոթների հետ եմ շփվել՝ նույնիսկ չիմանալով, որ նույն դպրոցից ենք եղել, մի քանի բառից նկատել եմ մտածելակերպի և արժեհամակարգի ընդհանրությունները։

Ներդնել կրթության մեջ

Բիզնեսում, օրինակ, լինում են կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ներդրումներ։ Կրթությունն այն ոլորտն է, որ տալիս է երկարաժամկետ արդյունք՝ ստեղծելով մարդկային մեծ ռեսուրսներ և ներուժ։ Նվիրաբերելով «Այբ»-ին՝ մարդը ներդրում է անում ապագայում՝ ստեղծելով համազգային, ինչու ոչ՝ նաև համամարդկային արժեք, այն է՝ կատարելագործվելու հնարավորություն տալով բազմաթիվ շնորհալի երեխաների։ Ես շատ հպարտ եմ, որ «Այբ»-ում կրթությունը, լինելով շատ համընդհանուր, տարբեր ոլորտներ ընդգրկող, նաև ազգային հենքի վրա է դրված։

Համայնք և մարդիկ

Հաճախ է լինում, որ մեր շրջանավարտները, աշակերտները հայտնվում են որևէ երկրում, որտեղ օգնության կարիք ունեն։ Այդ ժամանակ զգում ես «Այբ» համայնքի ողջ ուժն ու հզորությունը, երբ րոպեների ընթացքում հայտնվում են քեզ օգնելու պատրաստակամ այբեցիներ։ Օրինակ՝ ես 2016 թվականին պրակտիկայի էի գնացել Հոնկոնգ և Չինաստան։ Մենք ունեինք շրջանավարտներ, որ Հոնկոնգում էին սովորել․ ժամերի ընթացքում նրանք կազմակերպեցին, մեզ դիմավորեցին, ցույց տվեցին ամեն ինչ, կապի մեջ եղան մինչև մեր վերադարձ։ Տպավորիչ էր, նաև հպարտ էի, որ այդպիսի մեծ ընտանիքի անդամ եմ։

Կամ, օրինակ, երբ որևէ ոլորտից մասնագետի կարիք է լինում, առաջինը փնտրում եմ «Այբ»-ի ներսում։ Այբեցի թեկնածուները տարբերվում են արժեքներով, պարտաճանաչությամբ և աշխատանքի հանդեպ վերաբերմունքով, որովհետև այդ ամենը ձևավորվել է դպրոցից և վստահաբար փոխանցվում, պրոյեկտվում է աշխատավայրում, հետագա գործունեության մեջ։ Ինքս ինձ վրա եմ զգացել, որ այբական արժեհամակարգն ու կարգապահությունը ինձ առավել գրավիչ, վստահելի գործընկեր, աշխատակից են դարձրել։

Ապագան «Այբ»-ի հետ

Մոտակա հինգ տարիները ես ինձ հիմնականում պատկերացնում եմ բիզնես ոլորտում։ Իհարկե դա կզուգորդվի կրթական պաշարը մեծացնելով։ «Այբ»-ի նկատմամբ ես այնպիսին եմ լինելու, ինչպիսին հիմա կամ՝ գաղափարներով, իմ ոգևորվածությամբ։ Այն, թե ով ենք դարձել մենք, մեծ հաշվով «Այբ»-ի տված կրթության շնորհիվ է։ Ես շատ կուզեի, որ շրջանավարտների մոտ հասունանար դպրոցին վերադարձնելու մշակույթը։ Այսինքն՝ օգնել դպրոցին կերտելու նոր սերունդներ․ անպայման չէ, որ այդ օգնությունը լինի ֆինանսական նվիրատվության տեսքով, թեպետ դա էլ շատ կարևոր է․ այլ նաև գիտելիքով, փորձով, ծանություններով կազմել դպրոցի մի մասը, մնալ համայնքի անդամ և նպաստել այբական ընտանիքի բարգավաճմանը։ Սա էստաֆետի նման է՝ կրթության ջահը մենք փոխանցում ենք մեզնից հետո եկող սերունդներին։

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>