Տաղանդների շոու «Այբ»-ում

Ինչպես է արվեստը միավորում մարդկանց՝ վերածելով սովորական երեկոն անկրկնելի հիշողության։ «Այբ» դպրոցի «Տաղանդների շոու» միջոցառումն ապացուցում է, որ ստեղծագործականությունը սահմաններ չի ճանաչում։

Տաղանդների շոուն դպրոցում տեղի ունեցող ամենամյա միջոցառում է, որն օգնում է աշակերտներին ինքնարտահայտվելու և ներկայացնելու իրենց տաղանդները տարբեր բնագավառներում։ Երեկոյի ընթացքում իրենց ելույթներով ապշեցնում են ոչ միայն աշակերտները, այլև ուսուցիչները։

Երաժշտության ոլորտում տաղանդաշատ աշակերտների պակաս, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս չկար։ Այս տարվա մրցութային ելույթներից տպավորիչ էին երաժշտական մի շարք կատարումներ՝ խմբային ու անհատական։ 11-րդ դասարանցի Սարգիսը հիացրեց իր էլեկտրական կիթառի հրաշալի հնչյուններով։ 10-րդ դասարանցիների երաժշտախումբը ներկայացրեց System of a Down խմբի “Lonely Day” երգը։ 10-րդ դասարանցի Գայանեն կատարեց Ուիթնի Հյուստոնի “I Will Always Love You” ստեղծագործությունը։ 11-րդ դասարանի աշակերտներ Էմմին, Էրիկն ու Հովհաննեսը հանդես եկան հայկական երգերով։

Անչափ անսպասելի ու միաժամանակ հաճելի էր լսել դպրոցի անգլերենի ուսուցչուհիների գեղեցիկ երաժշտական խմբային կատարումը։ Երեկոյի ընթացքում 10-րդ դասարանցի Արեգը հանդես եկավ հեղինակային երգով՝ զարմացնելով հանդիսատեսին։

Բացի երաժշտությունից՝ երեկոն լցված էր նաև դպրոցի աշակերտների այլ շնորհներով։ 12-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Նուրիջանյանը հանդիսատեսի առաջ բացահայտեց իր նկարչական տաղանդը։ 10-րդ դասարանի աշակերտներ Մարգարիտան ու Մարին հիացրին ասմունքով։

Ոչ մրցութային ելույթներից աչքի ընկան դպրոցի «Ռոքեստր» ակումբի աշակերտները անզուգական կատարումներով։

Այսպիսով՝ այս տարվա Տաղանդների շոուն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ արվեստը կամուրջ է, որը միավորում է բոլորին՝ անկախ տարիքից, նախասիրություններից ու փորձառությունից։ Միջոցառումն ավարտվեց, բայց բեմից փոխանցված հույզերը դեռ երկար կմնան ներկաների հիշողություններում։

Եվա Մուրադյան

12-րդ դասարան

Tweets by AybSchool
>