Տեղի ունեցավ երկար սպասված TEDxAyb School Youth միջոցառումը

Մարտի 15-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ երկար սպասված TEDxAyb School Youth միջոցառումը «Այբ» ավագ դպրոցի աշակերտներ Վահագն Ալոյանի և Էլեն Շահնազարյանի նախաձեռնությամբ։

TED կազմակերպության նպատակը այնպիսի գաղափարների բացահայտումն ու տարածումն է, որոնք խթանում են քննարկումներ, խորացնում մարդկանց միջև փոխըմբռնումը և նպաստում իմաստալից փոփոխությունների։

TEDxAyb School Youth-ի այս տարվա թեման «Ապագայի արձագանք»-ն էր։ Միջոցառման խոսնակները խոսեցին ներկայիս մասնագիտությունների, արհեստական բանականության դերի, վախերի հոգեբանության և կենսաբանության մասին։

Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ մատուցվող բանախոսություններն ամբողջությամբ հայերեն են, ինչը հնարավորություն է տալիս հայալեզու լսարանին անմիջականորեն ծանոթանալու նորարար գաղափարների։ Նախաձեռնությունը նպատակ ունի հայալեզու TED Talk-երը ներկայացնել հայ դեռահասներին՝ նրանց համար ստեղծելով մի հարթակ, որտեղ կխոսեն Հայաստանում և աշխարհում հայտնի առաջատար մտածողներ՝ կիսելով իրենց փորձն ու նորարար գաղափարները։

Առաջին խոսնակը՝ Էդգար Կարապետյանը, բիզնեսի փորձագետ է և Galaxy Group ընկերությունների խմբի ռազմավարության և նորարարության գծով տնօրենը։ Նա իր ելույթում անդրադարձավ կարիերայի պլանավորման կարևորությանը, մասնագիտական ընտրության ռազմավարությանը և այն մեխանիզմներին, որոնց միջոցով ցանկացած աշխատանք կարելի է դարձնել եկամտաբեր։

Երկրորդ խոսնակը՝ Նարինե Պետրոսյանը, հոգեբան է, ով խոսեց նպատակներ դնելու և դրանք իրականացնելու հոգեբանական մեխանիզմների մասին։ Նա մանրամասն ներկայացրեց, թե ինչու համալսարան ընդունվելը կարող է ստրեսային լինել, ինչպես հաղթահարել այդ վախերը և ինչպիսի հոգեբանական մոտեցումներ կարող են օգնել չվախենալու ձախողումից։

Երրորդ խոսնակը՝ Աշխեն Արզումանյանը, քիմիկոս փորձագետ է, ով կենտրոնացավ մասնագիտական ինքնաճանաչման և երազանքների ու իրատեսական կարիերայի տարբերության վրա։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես կարելի է գտնել իրական մասնագիտական հետաքրքրությունները և դրանք վերածել եկամտաբեր աշխատանքի։

Յուրաքանչյուր խոսնակ յուրովի ներկայացրեց մասնագիտական կայացման ուղիները՝ ունկնդիրներին տալով նոր մոտեցումներ և օգտակար խորհուրդներ։

Հուսով ենք՝ ապագայում մեր կրտսեր աշակերտակիցները կշարունակեն մեր առաքելությունը, և TEDxAyb School Youth միջոցառումը կլինի շարունակական։

TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ավելի քան 30 տարի զբաղվում է գաղափարների տարածմամբ։ TED հարթակի ելույթների թեմաները բազմազան են՝ գիտություն, արվեստ, քաղաքագիտություն, մշակույթ, բիզնես, համաշխարհային խնդիրներ, տեխնոլոգիաներ և ժամանց։ Միջոցառման հիմնական նպատակը յուրօրինակ գաղափարների տարածումն է՝ «Գաղափարներն արժանի են տարածման» կարգախոսով։

Սոնա Իշխանյան, Մարիա Խաչատրյան

10-րդ դասարան

Tweets by AybSchool
>