«Այբ»-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունը շարունակվում է

«Այբ» դպրոցում հյուրընկալեցինք «Մարի Մանուկյան» և «Նվարդ Գյուլբենգյան» դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին։ Թեհրանի ՀԲԸՄ-ի հովանավորոությամբ նրանք մասնակցեցին «Այբ»-ի կրթական գործընթացին և մասնագիտական ժողովներին։ Այցի հիմնական նպատակներն էին փորձի փոխանակումը, մշակութային և կրթական կապերի ամրապնդումը, ինչպես նաև ապագա համագործակցության ձևավորումը։

Չորսօրյա այցի ընթացքում Թեհրանի մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու մայրենի, հայոց լեզու և պատմություն առարկաների դասերին, ուսումնասիրելու «Այբ» դպրոցի կրթական ծրագրի նորարարական մոտեցումներն ու կրթական միջավայրը։ Ուսուցիչները մի շարք հանդիպումներ ունեցան «Այբ» դպրոցի դասվարների, մայրենիի և պատմության առարկայախմբերի ղեկավարների, «Այբ» ակադեմիայի տնօրենի հետ, որի ընթացքում քննարկեցին ուսուցման վերաբերյալ բազմաթիվ հարցեր։

Այցելուները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու «Ինքնություն և արժեքներ» դասընթացին, որը՝ որպես արժեքահեն բաղադրիչ, 2023 թվականին լիարժեք ներդրվեց «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրում և պարտադիր առարկա է «Այբ» դպրոցի 10-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար: Դեռ այցից առաջ էին պատվիրակության անդամներն առցանց հանդիպել «Ինքնություն և արժեքներ» առարկայի ուսուցչի հետ, ով ներկայացրեց ծրագրի հիմնական գաղափարներն ու մանրամասները։ Մասնակցելով դասին՝ նրանք խորությամբ բացահայտեցին դասընթացի արժեքահեն բաղադրիչները և դիտարկեցին հետագա համագործակցության հնարավորությունը։
Այցի ավարտին հյուրերը, ՀԲԸՄ Թեհրանի տեղական վարչության ատենապետ Նժդեհ Մութաֆյանի գլխավորությամբ, հանդիպեցին տեր Մեսրոպի հետ։ Նրանք կարևորեցին «Ինքնություն և արժեքներ» ծրագրի ներդրումը իրենց համայնքում՝ ընդգծելով դրա դերը հայկական ինքնության պահպանման և կրթական արժեքների փոխանցման հարցում։

Այս այցը ևս մեկ կարևոր քայլ էր Հայաստանի և սփյուռքի կրթական համագործակցության ամրապնդման ճանապարհին։ «Այբ»-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունը ցույց է տալիս, որ կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցման միջոց է, այլև կամուրջ, որը կապում է համայնքները, ամրապնդում ազգային ինքնությունը և ստեղծում ամուր հիմք ապագա սերունդների համար։

Tweets by AybSchool
>