Վերջին զանգ 2020. տեղի ունեցավ այբական ամենասպասված պրեմիերան

Երկարատև պատրաստություններից, նկարահանումներից, մոնտաժից, քվեարկություններից, «էրեխեք, չենք հասցնում»-ներից հետո եկավ պրեմիերայի ժամը․ հուլիսի 1, 19:00: Օրվա այբական գլխավոր լուրերի շարքում անընդհատ շրջանառվում էին 8-րդ սերնդի վերջին զանգի ֆիլմի թրեյլերը, պրեմիերան ու հետհաշվարկները։

Մինչև ֆիլմի նախադիտումն անսովոր լարվածություն կար դպրոցն ավարտող աշակերտների մեջ․ թեև ո՛չ բեմ էին դուրս գալու, ո՛չ ելույթ ունենալու։ Լարվածությունն ավելի շատ հուզմունքի երանգներ ուներ, անհամբեր էին տեսնելու «հանդիսատեսի» արձագանքը։ «Այբ» համայնքը դիտում էր վերջին զանգի ֆիլմը, իսկ ավարտական սերունդը՝ դիտորդների ռեակցիաները։ Այսպես կոչված, վիրտուալ հանդիսատեսը միացել էր Zoom հարթակով։

Վերջին զանգի պրեմիերան մի իսկական ֆիլմ էր՝ 1 ժամ 20 րոպե տևողությամբ, որը պատմում էր ավարտական սերնդի ընդունելության առասպելների, ուսուցիչների, համայնքի ու դպրոցական խենթությունների մասին։ Շրջանավարտները ֆիլմում իրենց մակագրեցին հավերժության ու սիրո խորհրդանիշերով՝ «♾-րդ ❤ունդ»։

Վերջին զանգի ֆիլմն ավարտվեց դպրոցի աշխատակազմի փոքրիկ անակնկալով, որը ավանդույթի համաձայն շրջանավարտների մասին ևս փոքրիկ ֆիլմ էր պատրաստել։ Յուրահատուկ նախադիտմանը հաջորդեցին ջերմ ու տաք շնորհակալական ու շնորհավորական խոսքերը ։

Եվս մեկ այբեցի սերունդ ավարտեց իր պատմությունը, իսկ արտակարգ պայմաններում աննախադեպ վերջինզանգյան արարողություն նշած 8-րդ ՍԵՐունդի շրջանավարտները վստահորեն ասում են․ «մենք մի օր դեռ կգնանք դպրոց՝ իսկական վերջին զանգ նշելու»։

Գոհարիկ Ադամյան

«Այբ»-ի 8-րդ սերդնի շրջանավարտ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>