Ինչո՞ւ հենց Բիթլզ

«Այբ» դպրոցում տեղի ունեցավ «Ռոքեստր» նախագծային ակումբի երկար սպասված «Ինչո՞ւ հենց Բիթլզ» (Why the Beatles) խորագրով սեմինար-համերգը։

«Ռոքեստր» ակումբի հավատարիմ ունկնդիրները քաջատեղյակ են, որ խմբի համերգները պարզապես ռոք համերգներ չեն։ Դրանք ուսումնակրթական են և նպատակ ունեն կրթելու ունկնդրին, որ վերջինս ավելի խորությամբ լսի երաժշտությունը և ընկալի հնարավորինս շատ երաժշտական նրբություններ։ «Ինչո՞ւ հենց Բիթլզ» սեմինար-համերգի ընթացքում ոչ միայն հնչում էին պատմությանն ամենահայտնի ու երաժշտության մեջ բեկումնային խմբերից մեկի՝ «Բիթլզի» երգերը, այլև բացատրվում էին յուրաքանչյուր երգի յուրահատկությունները, բարդ կառուցվածքը, երգի հարմոնիան, օգտագործված գործիքները և այլն։ Օրինակ՝ քչերը կարող են գուշակել, որ հայտնի “I'll Be Back” գործն ունի դասական երաժշտությանը բնորոշ ռոնդո (ABACABA) կառուցվածքը։ Կամ որ “Happiness Is a Warm Gun” երգի կառուցվածքը չի պատկանում ոչ մի հայտնի կառուցվածքային ձևի ու պարզապես չունի ոչ երաժշտական տներ, ոչ էլ կրկներգեր։

«Բիթլզի» երգերը վստահաբար տարբերվում են այլ փոփ խմբերի երգերից։ Այդ տարբերություններից մեկը երգերում օգտագործված լայն գործիքակազմն է։ «Բիթլզ» խմբի անդամները պարբերաբար փորձել են օգտագործել չտեսնված կամ փոփում քիչ գործածված գործիքներ։ Այդպիսի երգերի վառ օրինակներ են “Norwegian Wood”-ը, որտեղ օգտագործվում է հնդկական սիտար, և “For No One”-ը, որտեղ օգտագործվում է գալարափող։ Այս երգերը ևս հնչեցին համերգին։

Իհարկե «Բիթլզի» ստեղծագործությունների մասին դեռ շատ բան կա ասելու, դրանց վերաբերյալ կարելի է մի ամբողջ դասախոսություն կարդալ։ Սակայն «Ռոքեստր» ակումբի սեմինար-համերգը հիանալի առիթ էր, որ անգամ երաժշտությունից անտեղյակ մարդը ընկալի այս բազմաշերտ արվեստի ճյուղը և վայելի դրա ամբողջ գունապնակը։

Մհեր Ենգիբարյան

12-րդ դասարան

Tweets by AybSchool
>