Ամանորյա շունչ, տոնական զարդարանքներ, ջերմ ժպիտներ և գրավիչ վաճառասեղաններ. այս ամենն իր մեջ ներառում էր «Այբ» դպրոցի այս տարվա ամանորյա տոնավաճառը։
Տարվա ամենասպասված իրադարձությունը, որն արդեն ավանդույթ է դարձել, այս տարի ևս միավորեց համայնքը։ Հիսունից ավելի անհատներ ու կազմակերպություններ ներկայացրին իրենց յուրօրինակ արտադրանքը՝ առաջարկելով տարբեր հետաքրքրությունների և տարիքային խմբերի բավարարող ապրանքներ։ Տոնավաճառի ողջ տարածքում տիրում էր տոնական տրամադրություն՝ ուրախ երաժշտություն և ակտիվ միջոցառումներ։
Զգալի մաս էր կազմում սննդի տոնավաճառը, որտեղ այցելուներին հնարավորություն էր տրվել համտեսելու աշակերտների պատրաստած քաղցրավենիքի տեսակները, թխվածքներն ու Արցախյան ավանդական ուտեստ՝ ժենգյալով հացը։ Ամենասպասված խորտիկը, ինչպես միշտ, դարձյալ այբական հոթդոգերն էին, որոնք մեծ ճանաչում ունեն մեր մեծ համայնքում։
Բացի դրանից, երեխաների համար կազմակերպվել էին ձեռագործական դասընթացներ, որոնց մասնակիցները պատրաստում էին ամանորյա խաղալիքներ։ «Հայաստան» դահլիճում էլ անցկացվեց ամանորյա կինոդիտում։ Ամբողջ միջոցառումն ուղեկցվում էր ազգային պարերով և այլ հետաքրքիր ու բազմազան զբաղմունքներով։
Տոնավաճառի ողջ հասույթը նպատակաուղղվել է «Հայաստան» դահլիճի՝ նորարարական տեխնոլոգիաներով վերազինմանն ու արդիականացմանը, ինչը թույլ կտա դպրոցի միջոցառումները դարձնել ավելի հետաքրքիր և որակյալ։
Էմմի Հովհաննիսյան
11-րդ դասարան