«Թաքնված գանձերի հետքերով» նախագծի շնորհանդեսը

Հունիսի 30-ին Սբ Կաթողիկե եկեղեցու բակում տեղի ունեցավ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակում գործող «Film Factory» ակումբի «Թաքնված գանձերի հետքերով» նախագծի շնորհանդեսը։

Կայացավ թեմատիկ ցուցահանդես, որի ավարտին ցուցադրվեցին աշակերտների նկարահանած երեք ֆիլմերը։ «Այբ»-ի աշակերտներն այս նախագծի շրջանակում անդրադարձել են մշակութային կարևոր խնդիրների և թեման բարձրաձայնելու միջոցով նպատակադրվել գրավելու հասակակիցների և հանրության տարբեր շերտերի ուշադրությունը։

Ճանաչենք և սիրենք հայկական ժողովրդական արվեստը։ «Թաքնված գանձերի հետքերով» խորագրի ներքո իրականացվող նախագծերը միտված են ժողովրդական և կիրառական արվեստի հանրահռչակմանը․ չէ՞ որ չես կարող սիրել առանց իմանալու։

«Այս ծրագիրը եզակի հնարավորություններից է աշակերտների համար անմիջականորեն իրենց գործով առնչվելու մեր մշակույթի գոհարներին, նպաստելու դրանց պահպանման և զարգացման գործին՝ այդ ընթացում ստեղծելով սեփականը։ Մենք ոգևորված և հիացած ենք այն արդյունքով, որը ստանում ենք, և կարծում ենք, որ այս ծրագիրը կարող է ծառայել որպես հիմք ընդհանրապես կրթական մոտեցումները վերանայելու համար։ Սա է այն ճանապարհը, որով մենք կարող ենք միացնել մեր ապագան ու անցյալը» - նշեց «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։

Նախագծային ուսումնառությունը նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա և ուսումնառությունը կառուցում է նախագծերի շուրջ։ Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։

Tweets by AybSchool
>