«Այբ» դպրոցի նորարարությունների լաբորատորիան՝ «Ավրորա» ֆորումում

Այս տարի հոկտեմբերի 14-21-ն անցկացված «Ավրորա» ֆորումի շրջանակում կազմակերպվել էր Ararat Challenge Fest-ը, որին մասնակցում էր նաև «Այբ» դպրոցը ՝ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հետ։

Միջոցառումները տեղի ունեցան Ազատության հրապարակում, որտեղ տեղադրված վրաններից մեկը՝ նորարարությունների լաբորատորիան, տրամադրվել էր «Այբ» դպրոցին։ Այբեցիներն այցելուների համար հետաքրքրաշարժ փորձեր իրականացրին քիմիայից, ֆիզիկայից և կենսաբանությունից։

Բացի դրանից, ներկայացված էին նաև այբեցիների պատրաստած ռոբոտներ, որոնք այցելուների ուշադրության կենտրոնում էին։

«Այբ» դպրոցի նկարչության ուսուցչուհի Մարի Ադամյանի և նկարչության խմբի աշակերտների նախաձեռնությամբ տեղի ունեցավ նկարչության բաց դաս։ Աշակերտները ճեպանկարներ արեցին այցելուների համար, իսկ ավելի փոքրիկները հնարավորություն ունեցան ազատ ստեղծագործելու։ «Այբ» դպրոցի նորարարության լաբորատորիան գրավել էր այցելուների ուշադրությունը, և բոլորը, անկախ տարիքից, մասնագիտությունից և ազգությունից, «Այբ»-ի վրանից հեռացան հրաշալի տպավորություններով։

«Այբ» դպրոցի աշակերտներն ակտիվորեն ներգրավված էին նաև «Ավրորա» ֆորումի կազմակերպչական աշխատանքներում որպես կամավորներ։

«Ավրորա» Ֆորումը մարդասիրական նախաձեռնություն է, որը միտված է տեխնոլոգիական, գիտական, կրթական, սոցիալական և մարդասիրական ոլորտների խնդիրների հաղթահարմանը։

Ժաննա Հայրապետյան

12-րդ դասարան

Tweets by AybSchool