Այբական խաղեր 2019․ մրցումներին զուգահեռ՝ սումո, զիփլայն, հարիսա ու պարեր

Արդեն ավանդույթ դարձած սպորտային խաղերի ամենամյա մրցումներն ուղեկցվում են երգ ու պարով, ուրախությամբ։ Ամեն տարի դպրոցում հավաքվում են «Այբ» ընտանիքի բոլոր անդամները ՝ աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և, մի ամբողջ օր անցկացնելով դպրոցում, հեռանում են գեղեցիկ հիշողություններով։ Սպորտային խաղերին զուգահեռ անցկացվում է բարեգործական տոնավաճառ, որի հասույթն այս տարի ուղղվելու է դպրոցի մարզադահլիճի լամպերի վերանորոգմանը։

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Այբական խաղերը մեկնարկեցին երդման հանդիսավոր արարողությամբ։ Դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչեց «Հայր մեր»-ը, որին հաջորդեց «Այբ» ընտանիքի նոր անդամների հանդիսավոր երդման արարողությունը։ Նրանք երդվեցին հավատարիմ մնալ «Այբ» դպրոցի սկզբունքներին և պատվով պահել «Այբ»-ի աշակերտի նկարագիրը։ Այս արարողությամբ էլ տրվեց Այբական խաղերի մեկնարկը։

Այս տարի սպորտաձևերը համալրվել էին ժամանցային խաղերով։ Առաջին անգամ անցկացվեց սումո մենամարտ, որն ուրախ և անմոռանալի պահեր պարգևեց մասնակիցներին։ Իսկ զիփլայն ատրակցիոնի դիմաց կուտակված փոքրիկների հերթից կարելի էր կռահել, որ այն նրանց շատ էր դուր եկել։

Թեժ պայքար էր մրցութային սպորտաձևերում։ Այբական խաղերում ներառված էին հետևյալ մարզաձևերը ՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ և բասկետբոլ։ Ֆուտբոլի մրցաշարը եզրափակվեց «Կանաչների» հաղթանակով։ Հաղթող թիմի խաղացողներից Դավիթ Ջավադյանը, որ երրորդ տարին անընդմեջ մասնակցում է ֆուտբոլի մրցաշարին և արդեն եռակի չեմպիոն է, ներկայացրեց իր տպավորությունները․ «Առաջին տարին հաղթեցինք, անչափ ուրախ էինք, բայց դեռ անսովոր էր։ Երկրորդ տարին ավելի մոտիվացված էինք խաղում, արդյունքն ակնհայտ էր։ Նպատակ դրեցի երրորդ տարին ևս հաղթել և, տեսնելով թիմիս կազմը, էլ ավելի մոտիվացված մասնակցեցի խաղին՝ վստահ լինելով հաղթանակի հարցում։ Մեզ շատ ոգևորում էին հանդիսատեսները, կոչերով օգնում էին շարունակել պայքարը»։

Բացի սպորտային մրցաշարերից՝ խաղերի ցանկում կա ևս մի սիրված մրցույթ՝ «Բրեյն ռինգը»։ Ամենախելացիներն իրենց ուժերը չափեցին «ուղեղների մրցույթ»-ում։

Սպորտային մրցաշարերից հետո եկավ ամենասպասված ու ամենասիրելի պահը՝ հայկական պարերն ու հարիսայի հյուրասիրությունը։ «Այբ» դպրոցի «Այբար» պարային խումբը ներկայացրեց հայկական ազգագրական պարեր՝ գեղեցիկ բեմադրություններով։ Ապա տեր հայրն օրհնեց հարիսան, և սկսվեց ամենահամե՜ղ հարիսայի հյուրասիրությունը։ Վերջում ներկաները շուրջպար բռնեցին՝ դրանով ազդարարելով Այբական խաղերի ավարտը։

Այբական խաղերը տոն են «Այբ» համայնքի բոլոր անդամների համար։ Համախմբվելով հարազատ դպրոցում և վայելելով միմյանց ներկայությունը՝ ամեն տարի այս օրն անմոռանալի ենք դարձնում բոլորիս համար։ Անհամբեր սպասում ենք հաջորդ Այբական խաղերին։

Ժաննա Հայրապետյան

12-րդ դասարան

Tweets by AybSchool
>