Տեր Մեսրոպ քհն․ Արամյան․ «Դպրոցում մա՛րդ ձևավորելն է գերնպատակ»

«Այբ» դպրոցում հյուրընկալել էինք աստվածաբան, գիտնական, «Այբ»-ի համահիմնադիր, «Այբ» դպրոցի խորհրդատվական խորհրդի անդամ, FAST հիմնադրամի համահիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանին։

Տեր Մեսրոպը 10-րդ դասարանի աշակերտներին պատմեց «Այբ»-ի ակունքների, գաղափարախոսության, սկզբունքների, ինչպես և հավատքի ու գիտության, արցախյան պատերազմների մասին։

Ստորև՝ տեր հոր կարևոր մտքերից ծաղկաքաղ։

Արարատյան բալակավրիատը՝ միջազգային ստանդարտների կրող

«Արարատյան բալակավրիատ» ծրագիրը ոչ միայն մեր դպրոցի, այլև Հայաստանի կրթական ոլորտի մեծագույն ձեռքբերումներից մեկն է։ Մենք կարողացել ենք ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որը համազոր կլինի բարձրագույն միջազգային չափորոշիչներով դպրոցների համակարգերին։ Հետաքրքրական է, որ Քեմբրիջի համալսարան մեր առաջին այցի ժամանակ Դեյվիդ Բրիջիսը հարցրեց, թե ինչու ենք մենք ստեղծում Արարատյան բակալավրիատը և չենք վերցնում արդեն պատրաստի ծրագիր, իսկ ես պատասխանեցի՝ հինգերորդ դարում մեր կաթողիկոսը, թագավորը և վարդապետը պայմանավորվել են մի կարևոր բան՝ չպատճենահանել ոչինչ, այլ ստեղծել մեր սեփականը։ Սա մեր ինքնության, շարունակականության գրավականն է։

Որտեղի՞ց են գալիս «Այբ»-ի 8 սկզբունքները

Դեռևս հին Եգիպտոսում մարդուն բնորոշում էին որոշակի արժեքներով, առաքինություններով։ Առաքինությունը ապրված, կենդանի արժեք է։ Դպրոցում ուսուցիչը դասավանդում էր առարկաներ, սակայն դրա նպատակը ոչ թե առարկայական գիտելիք տրամադրելն էր, այլ այդ առարկաների օգնությամբ մարդ ձևավորելը, որը պիտի լիներ այդ առաքինությունների կրողը։ Ժամանակակից քաղաքակրթության մեջ շատ հեշտ է կորցնել անձնային լավ որակները, սակայն, ինչպես ասել է Քրիստոսը, «Ի՞նչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահես, իսկ հոգիդ կորցնես»։

Դպրոցի հիմնադրման պահից սկսած՝ մեր նպատակն էր ձևավորել հասարակությանը պիտանի անհատ, ինչի համար էլ մենք հիմնվեցինք պլատոնյան 4 առաքինությունների վրա՝ խոհեմություն կամ խոհականություն, արիություն, ողջախոհություն, արդարություն։ Խոհականությունը մարդու մտածելու, որոշումներ կայացնելուց առաջ հետևանքները հաշվի առնելու, որևէ բան ստեղծելու կարողությունն է, որն էլ մենք վերանվանեցինք «ճանաչող և ստեղծարար»։ Արի մարդը վստահ, առաջնորդող մարդն է, ով անվախ է ռիսկային քայլի գնալիս։ «Այբ»-ի աշակերտի առաքինություններում մենք արիությունը դարձրինք «հավասարակշռված և նախաձեռնող»։ Ողջախոհությունը մեր զգացմունքներն ու ցանկությունները կառավարելը, իրականությունը ճիշտ ընկալելը, աղտից զերծ մնալն է՝ առանց պարփակվելու։ «Այբ»-ի աշակերտը զգոն և բաց է թե՛ իր միջավայրում և թե՛ իր իրականության մեջ։ Եթե մենք չկառավարենք մեր զգացմունքներն ու ցանկությունները, դրանք կիշխեն մեր մտքի վրա, իսկ մենք գերի կմնանք։ Ամենի հետ մեկտեղ՝ մարդը սոցիալական էակ է, ուրեմն այս ամենը կարգավորող, հավասարակշռող առաքինությունը արդարությունն է։ Արդարությունը բարիքի գիտակցությունն է՝ բարեխոհությունը, իսկ բարեխոհ մարդը հոգատար է շրջապատի և իր նկատմամբ։

Ինչպես ես ընտրեցի հոգևոր ասպարեզը՝ թողնելով ֆիզիկան

Ես համալսարանում սովորելու տարիներին երկընտրանքի առաջ էի՝ հոգևորականությո՞ւն, թե՞ գիտություն։ Ֆիզիկայից դեպի մետաֆիզիկա անցումը շատ հեշտ է, չնայած որ ես չափից շատ եմ սիրում այդ գիտությունը։ Հետո ինքս ինձ համար բացահայտեցի հոգևորը և հասկացա, որ իմ անքնությունը ոչ թե ֆիզիկայի խնդիրները լուծելու պատճառով էր, այլ նրա, որ գիշերները եկեղեցական գրքեր էի կարդում, իսկ ֆիզիկային դավաճանել չի կարելի և ընդհանրապես չի կարելի դավաճանել ոչինչ ու ոչ մեկի։ Եթե դու գիտությամբ ես զբաղվում, պիտի կատարելապես նվիրվես, «ամուսնանաս» այդ գիտության հետ։ Հենց այդ ժամանակ ընկերս՝ Պարգև սրբազանը, որը նոր էր նշանակվել Արցախի թեմի առաջնորդ, առաջարկում էր, որ գնայի հոգևորականության ուղով, իսկ ես պատասխանում էի, որ պիտի ավարտեմ համալսարանը, հետո կմտածեմ։ Ես հասկացա, որ ես ազնիվ չեմ մի բանի հանդեպ, որը իսկապես շատ եմ սիրում և որոշում կայացրի՝ ընտրելով հոգևոր ասպարեզը։ Իրոք, փառք Աստծո, որ ես ընտրեցի հենց այս ճանապարհն ու հասկացա, որ ամեն ինչ կառուցված է հավատքի վրա, իսկ առանց հավատքի ես ապրել չէի կարող։

Արցախյան պատերազմների մասին

Այդ ժամանակները համընկան արցախյան շարժման հետ, և առաջին անգամ ուրվագծվեց մի բան․ այն, ինչ մենք տարիներով կորցրել ենք, հիմա կա վերադարձնելու հնարավորություն։ Ես ավարտեցի Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական համալսարանը, եկա Հայաստան ու միանգամից սկսեցի արագացված կուրսեր անցնել Մայր Աթոռում, որից հետո էլ գնացի Արցախի թեմ։ Մենք՝ Պարգև սրբազանն ու ես, անցել ենք պատերազմի միջով, ականատեսն ենք եղել այդ փառավոր հաղթանակների, որոնց նմանը մի քանի հարյուրամյակ չի եղել։

Արցախյան շարժումն ինձ բերեց Հայաստան, որովհետև եթե չլիներ դա, ես գուցեև մտածեի չվերադառնալու մասին։ Ի վերջո հոգևորը հաղթանակ տարավ ներսումս։ Բավական էր մի անգամ գտնվել Գանձասարում, որ ես հասկանայի, թե ինչքան կապված եմ մեր սրբությունների հետ և ինչքան դժվար կլինի ապրել առանց դրանց։ Առաջին պատերազմի ընթացքում մեր ընկերների մեծ մասին կորցրինք, բազմաթիվ դժվարությունների միջով անցանք, և ես շատ կապվեցի Արցախի հետ։ 2020-ի պատերազմն իր արդյունքներով ինձ համար սարսափելի ողբերգություն էր։

Մենք առաջին Արցախյան պատերազմում կարողացանք հետ բերել կորցրածը, բայց հետագայում պահել չկարողացանք։ Չիմանալով պարտության պատճառները՝ անընդհատ մեր գլուխը խփելու ենք այս ողբերգությանն ու ցավ ենք զգալու։ Առնվազն մեր ինքնության համար պիտի՛ իմանանք, թե ինչու պարտվեցինք։

Անահիտ Աբգարյան, 10-րդ դասարան

Լուսանկարները՝ Ինգա Թումանյանի,

10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>