«Բանակում 2019»․ 4 օր ինչպես զինված ուժերում

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս «Այբ» ավագ դպրոցի աշակերտները իրենց ՆԶՊ դասընթացն անցկացրին «Բանակում» ուսումնամարզական ճամբարի տեսքով։ «Բանակման» 4 օրերն աշակերտներն անցկացրին «Քեմփինք Բուդոշին» վրանային ճամբարում։ Նրանք էին իրենց համար վառելափայտ գտնում և խարույկ վառում երեկոյան զրույցների և գիշերը հերթապահող աշակերտների համար։

Աշակերտները ձեռք բերեցին բուժօգնության տեսական և գործնական գիտելիքներ, սովորեցին նշան բռնել ու թիրախ խոցել, վազեվազ և սողեսող շարժվել, ինչպես նաև նռնակ նետել։ Ծանրաբեռնված և արկածներով լի յուրաքանչյուր օրվա ավարտին աշակերտները փոխգնդապետ Հրաչյա Պետրոսյանցի հետ խարույկի շուրջ զրույցներ էին ունենում «Կարգապահություն», «Հայկական բանակ», «Միջանձնային հարաբերություններ» թեմաներով։

Ըստ պարոն Պետրոսյանցի՝ «Բանակում» ուսումնամարզական ճամբարի նպատակը աշակերտների ընկերասիրությունն ու կարգապահությունն ամրապնդելն է, ինչպես նաև նպաստելը տարբեր դժվար իրավիճակներում և պայմաններում աշակերտների հարմարվելու և ապրելու հմտությունների զարգացմանը։

«Քեմփինք Բուդոշին» ճամբարի հիմնադիր Սուրեն Օչինյանը նշեց, որ «Այբ» դպրոցի աշակերտների մեջ իրեն ամենաշատը հիացրել է բնության հետ ներդաշնակության մեջ նրանց գտնվելը և կարգապահությունը։ Նա նաև նշեց, որ իր ճամբարը երբեք այդքան ջերմ և դրական էներգիայով լեցուն չէր եղել։

Աշակերտներին այդ 4 օրերի ընթացքում ընկերակցում էր ճամբարի մշտական բնակիչը՝ Բինը, որը որսորդական շուն է և մեկ անգամ պաշտպանեց աշակերտներին թափառող շների հարձակումից։

Աշակերտները, նոր հմտություններ ձեռք բերած, միևնույն ժամանակ բավականին հոգնած, լքեցին ճամբարը՝ անհամբեր սպասելով հաջորդ տարվա «Բանակմանը» և իհարկե Բինի հետ հաջորդ հանդիպմանը։

Վահե Դաբաղյան, 12-րդ դասարան

Tweets by AybSchool