Այբական ռոբոտները «գրավեցին» WCIT 2019-ը

Իր չափերով անմիջապես աչքի զարնող ահեղ «սումոն», հակառակորդի ահուսարսափ «մարտիկը», լաբիրինթոսում չխճճվող, գերկենտրոնացած «արագընթացը» Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի երևանյան ցուցահանդեսի «Այբ»-ի տաղավարի երկաթե հերոսներն էին։ Դպրոցի ռոբոտաշինության լաբորատորիայում ստեղծված ռոբոտները մեկ անգամ չէ և միայն Հայաստանի սահմաններում չէ, որ զարմացրել ու հիացրել են։

WCIT 2019-ում ներկայացված այբական ռոբոտները միջազգային հեղինակավոր մրցույթների մասնակիցներ ու մրցանակակիրներ են՝ հաղթել են, օրինակ, ԱՄՆ-ում անցկացվող «Ռոբոտաշինության ազգային մարտահրավեր» (NRC 2016) մրցույթում և ստացել «Հոնդա» ընկերության հատուկ ինովացիոն մրցանակը։

ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր և խոշորածավալ միջոցառմանը «Այբ» դպրոցը ներկայացել էր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության միասնական «Հայաստան» տաղավարում՝ որպես հաջողված ազգային կրթական նախագիծ։ Ցուցահանդեսի բացման առաջին ժամերից մինչև փակման վերջին րոպեները «Այբ»-ի տաղավարում եռուզեռն ու անցուդարձը չէին դադարում։

Այբեցիներն այցելուներին պատմում էին ռոբոտների ստեղծման մասին, ինչը առհասարակ դպրոցական ռոբոտաշինության լաբորատորիաներում եզակի է այն առումով, որ «Այբ»-ի աշակերտները ռոբոտները նախագծել և հավաքել են զրոյից՝ առանց օգտագործելու արդեն պատրաստի կոնստրուկցիաներ։

«Այբ»-ի տաղավարում հատկապես ուշագրավ էր ռոբոտաշինության լաբորատորիայում ստեղծված նոր նախագիծը։ «Դեպի աստղեր»՝ հենց այս անունն ունի այբական «հրթիռը», որը կարողանալու է ճշգրիտ կանխատեսել եղանակի տեսությունը։ Այն դեռ չի փորձարկվել։

Այս ամենն էլ գրավեց փոխավարչապետ Տիգրան Ավինյանի, նախարար Արայիկ Հարությունյանի և մյուս պետական պաշտոնյաների, ՏՏ ոլորտի հեղինակավոր մասնագետների, ցուցահանդեսի այցելուների ուշադրությունը։

WCIT 2019-ի հյուրերից ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինն էլ ցանկացավ անձամբ տեսնել «Այբ»-ը և իր պանելային ելույթից անմիջապես հետո այցելեց մեզ «Այբ» դպրոցի բարերար Արթուր Ջանիբեկյանի ուղեկցությամբ և տասնյակ հյուրերի հետ։ Նրանց հետաքրքիր էր «Այբ»-ի՝ որպես նորարար կրթական հաստատության մոդելի և ապագային միտված կրթական հաջողված նախագծի փորձը։

Այսպիսով՝ WCIT 2019-ում «Այբ»-ը ձեռք բերեց կարևոր ծանոթություններ, գուցե և՝ ապագա ընկերներ։

Tweets by AybSchool