Քննությունների արդյունքների հրապարակում
Երեք քննության նախնական արդյունքները հրապարակվում են (անհատապես՝ էլ. փոստի միջոցով) ապրիլին։ Բացի յուրաքանչյուր առարկայի գնահատականից դիմորդը և ծնողները տեղեկացվում են նաև, թե որոնք են եղել տվյալ առարկայից նվազագույն, առավելագույն և միջին գնահատականները, ինչպես նաև այն, թե նախնական ընդհանուր արդյունքով դիմորդը բոլոր դիմորդների որ տոկոսի մեջ է։
Երեք քննության գումարային արդյունքի հիման վրա հայտնի են դառնում հարցազրույցի փուլ անցած աշակերտների անունները: Հարցազրույցի փուլ անցնում են այդ գումարային արդյունքով ընդհանուր դիմորդների մեջ որոշակի միավոր (անցողիկ շեմ) և ավելին ապահոված դիմորդները: ԸՀ-ն հրապարակում է այդ միավորն արդյունքների հետ միասին: Հանձնաժողովն ազատ է սահմանելու այնպիսի միավոր, որն առավել արդյունավետ կլինի հարցազրույցների փուլն անցկացնելու համար: ԸՀ որոշումը ենթակա չէ քննարկման և փոփոխության:
Քննությունների արդյունքների բողոքարկում
Յուրաքանչյուր քննության ավարտից հետո դպրոցի կայքում հրապարակվում են տվյալ քննության քննական հարցաթերթը, ինչպես նաև դրա գնահատման չափանիշները։
Նախնական արդյունքների հրապարակումից հետո՝ 48 ժամվա ընթացքում, բոլոր այն դիմորդները, որոնց կանխատեսումները և իրական գնահատականը չեն համընկել, կարող են բողոքարկել արդյունքները:
Քննությունների արդյունքները բողոքարկելու համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել բողոքարկման դիմումի ձևաթուղթը և ուղարկել այն [email protected] էլփոստի հասցեին։
Ձևաթղթում պետք է նշել տվյալ քննության համապատասխան առարկայի միայն այն հարց(եր)ի համար(ներ)ը, որի միավոր(ներ)ը ցանկանում եք բողոքարկել:
Անհրաժեշտ է լրացնել դիմորդի անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, համապատասխան առարկայի քննաթերթիկում բողոքարկվող հարց(եր)ի համար(ներ)ը, տվյալ հարց(եր)ի համար դիմորդի կանխատեսված միավոր(ներ)ը և դիմորդի՝ տվյալ հարց(եր)ի համար վաստակած միավոր(ներ)ը:
Բողոքարկման դիմումները ստանալուն պես դրանք փոխանցվում են քննական կենտրոնի համապատասխան առարկայի մասնագետների խմբին:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հարցերի միավորները կարող են փոփոխվել միայն առարկայական մասնագետների խմբի միաձայն որոշմամբ, եթե՝
- միավորների գումարային հաշվարկում սխալ է հայտնաբերվել,
- հարցի ձևակերպումը հստակ չի եղել, և արդյունքում պահանջը ճիշտ չի ընկալվել,
- հարցին կարելի էր պատասխանել այլընտրանքային եղանակով:
Առարկայական ծրագրի անհամապատասխանության կամ թեմայի չիմացության հետ կապված հարցերը վերանայման ենթակա չեն:
Բողոքարկման արդյունքների մասին կտեղեկացվեք գրավոր՝ էլեկտրոնային նամակի միջոցով:
Եթե բողոքարկման արդյունքում գնահատականը վերանայվում է, ապա դիմորդին տեղեկացվում է նաև, թե փոփոխության արդյունքում դիմորդը բոլոր դիմորդների ո՛ր տոկոսի մեջ է ընդհանուր միավորով։
Եթե դիմորդի միավորը որևէ քննությունից բարձրանում է, և դիմորդը ներառվում է հարցազրույցների փուլում, ապա նրա միավորը համապատասխանաբար փոխվում է: Եթե դիմորդը չի անցել հարցազրույցների փուլ, սակայն բողոքարկման արդյունքում միավորը բարձրանում է այնքան, որ հավասարվում է հարցազրույցների փուլ անցած դիմորդների ցուցակում եղած նվազագույն միավորին կամ գերազանցում այն, ապա այդ դիմորդը ներառվում է հարցազրույցների փուլ անցած դիմորդների ցուցակում: