Ընդունելության քննություններ

Ընդունելության քննություններն անցկացվում են միասնական կարգով՝ բոլոր դիմորդների համար նույն օրը, ժամին և վայրում: Ընդունելության քննաթերթերը կազմվում, ընդունելության քննությունները կազմակերպվում և ստուգվում են Արարատյան բակալավրիատի քննական կենտրոնի կողմից։ Բոլոր քննությունների քննական հարցաշարերում կարող են ներառված լինել պատասխանի ընտրությամբ, միայն պատասխանի գրառմամբ, ամբողջական լուծմամբ, բաց պատասխանով հարցեր։

ՔՆՆԱԹԵՐԹԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐ

Քննաթերթերի գործող կառուցվածքին ծանոթանալու համար առաջնորդվեք 2022-2023 և հաջորդող ուսումնական տարիների քննաթերթերի նմուշներով։


2024-2025 ուսումնական տարվա քննաթերթեր

2023-2024 ուսումնական տարվա քննաթերթեր

2022-2023 ուսումնական տարվա քննաթերթեր

2021-2022 ուսումնական տարվա քննաթերթեր

2020-2021 ուսումնական տարվա քննաթերթեր

2019-2020 ուսումնական տարվա քննաթերթեր

2018-2019 ուսումնական տարվա քննաթերթեր

2017-2018 ուսումնական տարվա քննաթերթեր

2017-2018 ուսումնական տարվա տիպային քննաթերթեր

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննություն 1. Հայոց լեզու և հասարակական գիտություն

Քննությունը հանձնում են բոլոր դիմորդները: Քննական հանձնարարությունը բաղկացած է առաջադրանքների երկու խմբից։

Հայոց լեզվի և լեզվամտածողության առաջադրանքներ: Սրանք ստուգում են ոչ միայն հայոց լեզվի գիտելիքը, այլև դիմորդների լեզվամտածողությունը: Շատ առաջադրանքներ իրենց բնույթով կարող են նման լինել «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի խնդիրներին.

Դիմորդները հնարավորություն ունեն հայերենի իրենց գիտելիքները խորացնել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հայոց լեզվի ֆակուլտետում՝ առցանց եղանակով հետևելով դասընթացներին:

Գրականության կամ պատմության (հայոց և համաշխարհային) առաջադրանքներ: Սրանք ստուգում են դիմորդի ոչ միայն գիտելիքը համապատասխան առարկայից, այլև տրամաբանելու կարողությունը:

Քննական հարցաշարերը կազմված են միջին դպրոցի համապատասխան առարկաների ամբողջական ծրագրերի հիման վրա և չունեն օլիմպիադաների առաջադրանքներին հատուկ բարդություն:

Քննության յուրաքանչյուր բաղադրիչ գնահատվում է առավելագույնը 32 միավոր:
Քննության ընդհանուր առավելագույն միավորը 64-ն է:
Քննության ընդհանուր տևողությունը 2,5 ժամ է:

Քննություն 2. Բնագիտություն

Քննությունը հանձնում են բոլոր դիմորդները: Քննական տարբերակները կազմվում և բաժանվում են դիմորդներին՝ փաստաթղթերը հանձնելիս նրանց կատարած ընտրության հիման վրա (երկու առարկայով): Քննությունը ներառում է երեք առարկա՝ ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն:

Քննական հանձնարարությունները ստուգում են դիմորդի ոչ միայն գիտելիքը համապատասխան առարկայից, այլև տրամաբանելու կարողությունը: Նախապատրաստվելու համար կարող եք օգտվել «Քան» ակադեմիայի նյութերից։

Քննական հարցաշարերը կազմված են միջին դպրոցի համապատասխան առարկաների ամբողջական ծրագրերի հիման վրա և չունեն օլիմպիադաների առաջադրանքներին հատուկ բարդություն:

Քննական հանձնարարությունների բոլոր մասնագիտական տերմինները ներկայացվում են հարցաշարին կից՝ հայերեն և ռուսերեն տարբերակներով:

Որպես հավելյալ նյութ կտրամադրվի նաև քիմիական տարրերի պարբերական աղյուսակ ներդիր։

Քննության յուրաքանչյուր բաղադրիչ գնահատվում է առավելագույնը 32 միավոր:
Քննության ընդհանուր առավելագույն միավորը 64-ն է:
Քննության ընդհանուր տևողությունը 2,5 ժամ է:

Քննություն 3. Մաթեմատիկա և տրամաբանություն

Քննությունը հանձնում են բոլոր աշակերտները:

Քննական հանձնարարությունները կարող են լինել թե՛ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի տրամաբանական հարցերի նման, թե՛ մաթեմատիկայի խոր գիտելիք պահանջող խնդիրներ: Նախապատրաստվելու համար կարող եք օգտվել «Քան» ակադեմիայի նյութերից։

Քննական հարցաշարը կազմված է միջին դպրոցի ամբողջական ծրագրի հիման վրա և չունի օլիմպիադաների առաջադրանքներին հատուկ բարդություն:

Քննական հանձնարարությունների բոլոր մասնագիտական տերմինները ներկայացվում են հարցաշարին կից՝ հայերեն և ռուսերեն տարբերակներով:

Քննության ընդհանուր առավելագույն միավորը 64-ն է:
Քննության ընդհանուր տևողությունը 1,5 ժամ է:
Այն դիմորդները, որոնք ընդունելության քննությունների քննական բաղադրիչներից որևէ մեկից կհավաքեն 0 միավոր, չեն կարողանա մասնակցել հարցազրույցներին՝ անկախ 3 քննությունների գումարային արդյունքից: Եթե որևէ դիմորդ հանձնի ընդհանրապես չլրացված աշխատանք (դատարկ քննաթերթ), նա այլևս չի կարողանա մասնակցել ընդունելության հետագա փուլերին։

Tweets by AybSchool
>