Դավիթ Յանի և Ռայան Քոֆիի հանդիպումն այբեցիների հետ

«Այբ» դպրոցում հյուրընկալել էինք դպրոցի համահիմնադիր Դավիթ Յանին և Կոնկետիկուտի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս Ռայան Քոֆիին։ Վերջինս «Այբ» էր այցելել Դավիթ Յանի հրավերով։ Ռայան Քոֆին այբեցիների հետ զրուցեց տարբեր թեմաների շուրջ՝ ֆիզիկա, փիլիսոփայություն, Սիլիկոնյան հովիտ, սովորելու և աշխատելու նպատակներ, աշխարհը մեծ տեսնելու ձգտում։

«Ուսումնասիրելով մարդկային գիտակցության փիլիսոփայությունը՝ հասկացա, որ ուզում եմ սովորել ֆիզիկա։ Ֆիզիկան ինձ հնարավորություն կտար իրագործելու իմ կյանքի մեծագույն երազանքը՝ բացահայտել, թե որն է իրականությունը, ինչ է միտքը և ով եմ ես»։ Ահա այս հարցերն էին ու ավելին բացահայտելու ձգտումը, որ կանխորոշեցին Ռայան Քոֆիի ճակատագիրը և ստիպեցին հետաքրքրվել ֆիզիկայով՝ տեսնելով դրա մեջ ավելին, քան միայն գիտություն։ Այժմ նա աշխատում է միջուկային արագացուցիչի և արհեստական բանականության զարգացման վրա։

Իսկ ինչի՞ համար ես դու աշխատում կամ սովորում, ո՞րն է դրա նպատակը. Ռայան Քոֆին «Այբ» դպրոցի աշակերտների հետ զրուցեց նաև այս թեմայի շուրջ։ «Աշխարհի տարբեր երկրների գիտնականներն աշխատում են ո՛չ փառքի կամ հայտնի լինելու համար. նրանք աշխատում են, որովհետև վստահ են, որ իրենք անում են կարևոր մի բան, որ ստեղծում են արժեք։ Նրանք հավատում են իրենց գաղափարներին ու նպատակներին, նրանք պարզապես տարված են դրանով»։ Այս տեսակետների տեղատարափն էր, որ ներկաներին ստիպեց մտորել։

Սակայն հանդիպումը չէր սահմանափակվում միայն գիտական ու փիլիսոփայական թեմաների քննարկումով. այս ամենին գումարվում էին Ռայան Քոֆիի աներևակայելի մեծ եռանդն ու ոգևորությունը, յուրաքանչյուր հարցին պարզ ու մանրամասն պատասխանելու պատրաստակամությունն ու սեփական փորձը կիսելու անկեղծ ցանկությունը։

Ամփոփելով՝ Ռայան Քոֆին այբեցիներին հիշեցրեց մի շատ կարևոր ու հաճախ անտեսանելի փաստի մասին․ «Հիմա հասկանում եմ, թե որքան փոքր էր իմ աշխարհը ձեր տարիքում, այսօր այն անհամեմատ ավելի մեծ է։ Չգիտեմ, թե ինչպես է ստացվել, բայց ես եմ այդ փոփոխությունների հեղինակը։ Միտքը, որ կարող եմ մեծացնել իմ աշխարհը, ստիպում է շարունակել աշխատել մեծ ոգևորությամբ ու եռանդով»։

Ահա այսքան բազմաշերտ ու հետաքրքրիր էր հանդիպումը ֆիզիկոս Ռայան Քոֆիի հետ։

Լանա Մելիքյան

10-րդ դասարան

Tweets by AybSchool