Ինչպես ես ընդունվեցի «Այբ»․ 10 պարզ քայլ

«Այբ»-ում մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը։ Մեդիաթիմը «Այբ»-ի բլոգում ներկայացնում է այբեցի դառնալու ընթացակարգը։

Քայլ 1. Տեղեկանալ «Այբ»֊ի մասին

Քույրս և եղբայրս «Այբ»-ի շրջանավարտ են։ Այնպես որ ես լավ ծանոթ էի դպրոցին՝ նրա բոլոր առավելություններով ու դժվարություններով։ Եթե դուք չունեք «Այբ»-ում սովորած մեծ քույր կամ եղբայր, խնդիր չէ, կարող եք ծանոթանալ «Այբ»-ի պաշտոնական կայքին։ Ի դեպ, այստեղ հրապարակվող հոդվածների մեծ մասը մենք ենք գրում՝ մեդիաթիմի աշակերտներս։ Կարող եք հետևել դպրոցի անցուդարձին նաև սոցիալական հարթակներում՝ Facebook, Instagram, Twitter, LinkedIn, Telegram։

Քայլ 2. Գրանցվել բաց դռների

Յուրաքանչյուր դիմորդ իր ընտանիքի հետ միասին պարտադիր պետք է գրանցվի բաց դռներին, որոնց ժամանակ «Այբ»֊ի աշակերտները շրջայց են անցկացնում՝ ներկայացնելով դպրոցը և կիսում իրենց փորձն ու տպավորությունները։ Այնուհետև դպրոցի տնօրինության հետ հանդիպումն է. ներկայացվում են «Այբ»֊ի պատմությունը, դրվածքն ու քննությունների ընթացակարգը։

Քայլ 3. Գնալ խորհրդատվական հանդիպումների

Խորհրդատվական հանդիպումները ավելի հայտնի են «մինի֊դասեր» անունով։ Դրանց ընթացքում դիմորդները հնարավորություն են ստանում գրանցվելու իրենց ցանկացած առարկային և ուսուցչին տալու իրենց հուզող հարցերն ու քննարկելու իրենց հուզող թեմաները։ Յուրաքանչյուր առարկայից շաբաթական անցկացվում է երկու խորհրդատվական հանդիպում՝ մինչև 2 ժամ տևողությամբ: Հանդիպումները վարում են «Այբ» դպրոցի ուսուցիչները: Յուրաքանչյուր դիմորդ կարող է մասնակցել մեկ առարկայից առավելագույնը 2 հանդիպման:

Քայլ 4. Հանձնել անգլերենի գրավոր ստուգաթեստ

Քանի որ «Այբ»-ում որոշ դասագրքեր և դասանյութեր անգլերեն են, անհրաժեշտ է, որ աշակերտներն ունենան անգլերենի բավարար մակարդակ՝ տարվա ընթացքում չդժվարանալու համար։ Ստուգաթեստին պատրաստվելու համար օգտակար հղում:

Քայլ 5. Հանձնել անգլերենի բանավոր ստուգաթեստ

Բացի գրավոր գիտելիքից՝ անհրաժեշտ է նաև տիրապետել անգլերեն բանավոր խոսքին։ Օրինակ՝ իմ անգլերեն հարցազրույցի ժամանակ հարցրին նախասիրություններիս և այն մասին, թե ինչով եմ զբաղվում ազատ ժամանակ։ Նաև անգլերենով նկարագրեցի 1 նկար։

Քայլ 6. Լրացնել ընդունելության դիմում

Այս փուլում արդեն պետք է ներկայացնել դպրոցի պահանջած փաստաթղթերը և ստանալ քննություններին մասնակցելու իրավունք։ Դիմորդները «Այբ» դպրոցի կայքից լրացնում և ուղարկում են ընդունելության դիմում-հայտը: Այնուհետև նույն դիմումը՝ տպված և դիմորդի ու ծնող(ներ)ի կողմից ստորագրված, և կից փաստաթղթերը ներկայացվում են դպրոց՝ Թբիլիսյան խճուղի 11/11 հասցեով: Պահանջվող փաստաթղթերի մասին մանրամասն՝ այստեղ։

Քայլ 7. Բարեհաջող հանձնել քննությունները

Բնագիտական առարկաներից կարող եք ընտրել երկուսը, հայոց և համաշխարհային պատմություն կամ գրականություն առարկաներից որևէ մեկը, իսկ հանրահաշիվ, երկրաչափություն և հայոց լեզու առարկաները պարտադիր են։ Ես ընտրել էի կենսաբանություն, քիմիա և գրականություն առարկաները։ Կենսաբանությունից հավաքել եմ ամենաբարձր միավորները։

Նախորդ տարիների քննաթերթերի նմուշներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Քայլ 8. Անցնել հարցազրույցի փուլը

Հարցազրույցը բաղկացած է երկու մասից՝ հոգեբանների, մանկավարժների, «Այբ» համայնքի ներկայացուցիչների հետ խմբային հանդիպում և անհատական հարցազրույց։ Միակ և ամենաօգտակար խորհուրդը, որ կարող եմ տալ, այն է, որ հարցազրույցի համար պատրաստվել պետք չէ. պարզապես եղեք անկեղծ և այնպիսին, ինչպիսին կաք։

Քայլ 9. Արդյունքների հրապարակում

Դե ի՛նչ, այսքանից հետո անհամբեր սպասեք էլեկտրոնային նամակին՝ դրական պատասխանով։

Քայլ 10. Սեպտեմբերի 1֊ին գալ դասի

Շնորհավո՜ր, դուք այբեցի եք։

ՀԳ․ «Այբ» ավագ դպրոցի ընդունող հանձնաժողովը ձևավորվում է հոգաբարձության խորհրդի որոշմամբ։ Դպրոց ընդունվում են քննությունների և հարցազրույցի փուլերի գումարային միավորի հիման վրա: Քննություններից յուրաքանչյուրը և հարցազրույցը գնահատվում են 64-ական միավորով:

Ընդունելության ամբողջ գործընթացում՝ ներառյալ խորացված դասընթացները և խորհրդատվական հանդիպումները, որևէ տեղեկություն դիմորդի ֆինանսական վիճակի մասին դպրոցը չի վերցնում: Նման տեղեկություններն անհրաժեշտ են դպրոց ընդունվելուց հետո՛ միայն` ֆինանսական աջակցության գործընթացի ժամանակ:

Սևակ Մեսրոպյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog

Tweets by AybSchool
>